Պատմություն ապրիլի 04-10-ը

1.Յուրաքանչյուր հասարակություն, կարևորելով հասարակական համերաշխությունը և մարդկանց
զարգացումը, ստեղծում է քաղաքական, տնտեսական,
հոգևոր և սոցիալական կարգեր, որոնք հասարակությանը տանում են դեպի ընդհանուր և անհատական
երազանքների իրականացմանը:
2. Ավատատիրական հասարակությանը բնորոշ էր
տեր լինելու և ծառայելու գաղափարների հիման վրա
ստեղծված իրավունքների ու պարտականությունների
պետական համակարգ, իշխանական աստիճանակարգություն, տնտեսությունում գյուղական արտադրանքի
գերակշռում, վերնախավի մոտ հաճախ նկատվող
անվստահություն և հակասություններ
3. Ավատատիրական հասարակությունը բաղկացած
էր ազատներից (կառավարող վերնախավ, իշխանական
տոհմեր) և անազատներից (ռամիկներ և գյուղացիներ)։
Հողը սեփականության և ժառանգականության իրավունքով պատկանում էր միայն ազատներին, իսկ անազատները կարող էին փոխել իրենց բնակության վայրը (կամ
ավատատիրոջը) միայն կալվածատիրոջ թույլտվությամբ։
4. Նախարարական տոհմերը տեր էին դառնում
խոշոր երկրամասերի, որոնք անվանում ենք կալվածքներ։ Նախարարական տոհմերն, ըստ իրենց հզորության հաջորդականությամբ, նշված էին գահնամակում
(գահնամակ կոչվող փաստաթղթում)։ Զորանամակում
նշված էր իշխանների զինական ուժի քանակը։
5. Հայաստանում քրիստոնեություն են տարածել
Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները, ովքեր մկրտել
են բազմաթիվ ռամիկների, շինականների, առևտրականների և իշխանների։
6. Քրիստոնեությունը Հայաստանում տարածում են
նաև Հռիփսիմյան միանձնուհիները, ովքեր փախչելով
հեթանոս Դիոկղետիանոս կայսրից, նահատակվում են
Հայաստանում՝ դեռևս հեթանոս Տրդատ III-ի կողմից։
7. Տրդատ III-ը այս դեպքերից հետո սաստիկ
հիվանդանում է։ Նրան բուժում է Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը։ Բուժվելուց հետո Տրդատը վճռում է
քրիստոնեություն ընդունել։
8. 301 թ. քրիստոնեությունը Հայաստանում ընդունվում է որպես պետական կրոն։ Գրիգորին վստահվում է ժողովրդին քրիստոնեական վարդապետության և
հավատքի գիտելիքները, կենսակերպի և համակեցության սկզբունքները փոխանցելու առաքելությունը, ինչի համար ստանում է Լուսավորիչ պատվանունը։

Գրիր պատմություն
Պատկերացրու քրիստոնեություն ընդունած առաջին
իշխաններից մեկն ես և ապրում ես ավատատիրական
հարաբերությունների ժամանակաշրջանում Ինչպե՞ս
կկառավարես երկրամասդ։ Ինչպիսի հասարակական
նորմեր կսահմանես։ Ինչպե՞ս կկարգավորես հարաբերությունները թագավորի հետ։ Նշի՛ր այնպիսի քայլեր,
որոնց շնորհիվ քո տոհմի անվանումը կհայտնվի գահնամակի և զորանամակի վերին մասում։

Ներքին լարված և միջազգային սրված հարաբերությունների պայմաններում Խոսրով Կոտակը ժառանգում է հայոց գահը։ Խոսրով Կոտակը կառուցեց նոր
մայրաքաղաք Դվինը և տնկեց երկու անտառ՝ Տաճար
Մայրին և Խոսրովակերտը։ Մծբինի հաշտության պայմանագիրը դեռ չլրացած՝ Շապուհ II-ը զորքով շարժվեց
Հայաստան։ Սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական բանակը հաղթում է պարսկական զորքին։ Խոսրով Կոտակի կառավարման ժամանակ
Հայաստանը ենթարկվեց նաև մազքութ ռազմատենչ
ցեղերի հարձակմանը։ Այս անգամ հայկական բանակը
հակառակորդի դեմ է դուրս գալիս Վահան Ամատունու
գլխավորությամբ։ Վերջինս մենամարտում հաղթում է
մազքութների առաջնորդին և հակառակորդի բանակը
դիմում է փախուստի։
2. Խոսրով Կոտակին հաջորդում է Տիրանը։ Նրա
օրոք սրվում են թագավորի և կաթողիկոսի հարաբերությունները, լարվում է մթնոլորտը արքունիքում, որի
արդյունքում Մամիկոնյան տոհմը հեռանում է արքունիքից։
3. Տիրանին հաջորդում է նրա որդին՝ Արշակ II-ը:
Նա արքունիք վերադարձրեց Մամիկոնյաններին, իսկ
կաթողիկոսական աթոռը վերադարձրեց Լուսավորիչների տոհմից Ներսեսին։ Արշակ II-ի օրոք հրավիրվեց
Աշտիշատի եկեղեցական ժողովը։
4. Արշակ II-ը կառուցեց Արշակավան քաղաքը,
որտեղ իրավունք տվեց բնակվելու տարբեր իշխանների
ենթակայության տակ գտնվող մարդկանց։ Այս քայլը
հարուցեց իշխանների դժգոհությունը, ովքեր համախմբվելով, պարսից զորքի օժանդակությամբ, հողին
հավասարեցրեցին Արշակավանը։
5. «Ամոթալի պայմանագրի» կնքումից անմիջապես հետո Շապուհ II-ը պատերազմ է սկսում Մեծ Հայքի
դեմ։ Սպարապետ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերը 4 տարի շարունակ հաջող
մարտեր էին մղում ընդդեմ պարսիկների։ Մարտերում
ձախողվելուց հետո, Շապուհը խաբեությամբ Արշակին
հրավիրեց Տիզբոն, որտեղ նրան և սպարապետ Վասակ Մամիկոնյանին բանտարկեց Անհուշ բերդում։ Հայոց
արքան այնտեղ էլ մահացավ։
6. Արշակ II-ի մահից հետո Շապուհ II-ի զորքերը անարգել անցնում են Հայաստանի տարածքով՝
ասպատակելով երկիրը։ Հայկական ուժերի հենակետն է
դառնում Արտագերս ամրոցը, որտեղ ամրանում են Փառանձեմ թագուհու գլխավորությամբ։ Հերոսական դիմադրությունից հետո ամրոցն ընկնում է, սակայն այդ ընթացքում Հռոմում Արշակ II-ի որդին՝ Պապը, թագ ստացավ
Վաղես կայսրից և դարձավ Հայոց թագավոր։
7. Պապ թագավորի օրոք տեղի ունեցավ Ձիրավի
ճակատամարտը, որտեղ հայկական զորքերը, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, հաղթանակ տարան պարսկական զորքերի նկատմամբ։
Պապ թագավորը իր կառավարման սկզբնական շրջանում հաշտեցրեց անմիաբան իշխաններին և վերականգնեց Ներսես Մեծի իրավունքները, ով Արշակ II-ի
ժամանակ թողել էր իր պաշտոնը։
8. Պապ թագավորի մահից հետո գահակալում է
Վարազդատ թագավորը, ով անփորձ քաղաքական գործիչ էր։ Նրա օրոք երկրում մեծ հեղինակություն էր վայելում Մուշեղ Մամիկոնյանը, ով դավադրության զոհ դարձավ։ Երկիրը զրկվեց հզոր սպարապետից։ Հայաստանը
387 թ. բաժանվեց Հռոմի և Պարսկաստանի միջև։

Գրիր պատմություն
Պատկերացրու Արշակ II թագավորն ես։ Արդեն
արքունիք ես վերադարձրել Մամիկոնյաններին, իսկ
կաթողիկոսական աթոռը կրկին Լուսավորիչ տոհմինն
է, և քո վարկանիշն ու հեղինակությունը, որպես երիտասարդ, հմուտ և իմաստուն թագավորի բարձրանում է։ Հասունացել է պահը կառուցել Արշակավան
քաղաքը։ Ինչպե՞ս կվարվես այս դեպքում, ի՞նչ պայմաններով կկառուցես (կամ չես կառուցի) քաղաքը,
որպեսզի չսրես հարաբերություններդ իշխանների և
կաթողիկոսի հետ։

Արշակունիների թագավորության անկումից
հետո Հայաստանը պահպանեց ներքին ինքնավարությունը: Հայ նախարարներն իրենց տիրույթներում ինքնավարություն էին վայելում, սակայն պարսից արքա
Հազկերտ II-ը, Հայաստանը վերջնականապես Սասանյաններին ենթարկելու համար, ցանկանում էր լիակատար վերահսկողություն սահմանել հայ ժողովրդի
քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային
կյանքում:
2. Պարսից արքունիքը, նախ աշխարհագիր
անցկացրեց Հայաստանում, այնուհետև՝ կրկնապատկեց հարկերը։ Ամատունի իշխանական տոհմը զրկվեց
հազարապետության պաշտոնից, իսկ կաթողիկոսը
այլևս Մեծ դատավորը չէր։ Հարկային ճնշումներից և
քաղաքական սահմանափակումներից հետո Հազկերտ
Երկրորդը անցավ կրոնափոխության քաղաքականությանը։ 450 թ. Հազկերտը հայ նախարարներին հրավիրեց Տիզբոն, որտեղ կրկին առաջարկեց կրոնափոխության իր ծրագիրը։ Նախարարները որոշեցին առերես
ընդունել Հազկերտի ծրագիրը, սակայն Հայաստան
հասնելուն պես կազմակերպել ժողովրդի ապստամբությունը՝ ընդդեմ զրադաշտականության՝ հանուն
քրիստոնեության։
3. Հայաստանում ապստամբները միավորվեցին
Վարդան Մամիկոնյանի շուրջ։ Վարդան Մամիկոնյանը և նրա կողմնակիցները, ովքեր պայքարի դուրս
եկան պարսիկների դեմ հավաքական անունով հիշվեցին սերունդների կողմից Վարդանանք անվամբ։ Վարդան Մամիկոնյանի պայքարը չսահմանափակվեց միայն
Հայաստանով։ Իր զորքով սպարապետը օգնության
հասավ նաև աղվանից և վրաց ժողովուրդներին։
4. Մինչ Վարդան Մամիկոնյանի զորքը Աղվանքում էր, Վասակը՝ Հայաստանում, վերջինս հրաժարվեց
Վարդանանց ուխտից և, խախտելով պայմանավորվածությունը, բացեց Հայաստանի հարավային սահմանները պարսկական բանակների առջև, որոնք հապճեպ
դիրքավորվեցին Հայաստանի կարևոր հենակետերում։
Մոտենում էր վճռական ճակատամարտի պահը։
5. 451 մայիսի 26-ին՝ Ավարայրի դաշտում, մարտի բռնվեցին հայկական և պարսկական զորքերը։
Կատաղի կռիվը տևեց մինչև երեկո: Տեղին է ևս մեկ
անգամ հիշել Եղիշեի խոսքերը «Ոչ թե մի կողմը հաղթեց, և մյուսը պարտվեց, այլ քաջերը քաջերի դեմ դուրս
գալով, երկու կողմն էլ պարտություն կրեցին»: Ճակատամարտից հետո հայկական զորքերը հեռացան լեռները, որպեսզի, հարկ եղած դեպքում, շարունակեն
պայքարը։
6. Ավարայրի ճակատամարտից հետո պարսից
արքունիքը փոխեց Հայաստանի նկատմամբ իր վարած
քաղաքականությունը. Պարսից արքան Հայաստանից
հետ կանչեց բանակը, Պարսկաստանում գտնվող հայկական այրուձին վերադարձավ Հայաստան, մարզպանի
պաշտոնից հեռացրեց Վասակ Սյունուն, բռնի կրոնափոխված հայերին թույլատրեց վերադառնալ քրիստոնեությանը, թեթևացվեցին հարկերը:
7. Վարդան Մամիկոնյանի գործը պատվով շարունակեց Մամիկոնյան տոհմի ևս մեկ հմուտ զորավար՝
Վահանը։ Ավարայրի ճակատամարտից շատ չանցած
պարսիկները կրկին որոշում են իրականացնել իրենց
վաղեմի կրոնափոխության քաղաքականությունը։ Ի
պատասխան՝ 481 թ. հայ «ուխտապահ» նախարարները վճռում են ապստամբել ընդդեմ կրոնափոխության
քաղաքականության և հանուն ազատության։ Նրանք
հետապնդում և երկրից վտարում են պարսից մարզպանին։ Ապստամբության ղեկավարությունը ստանձնում
է սպարապես Վահան Մամիկոնյանը, իսկ մարզպան
նշանակվում է Սահակ Բագրատունին։ Ապստամբության
կենտրոն է դառնում Դվին քաղաքը: Դվին է տեղափոխվում նաև կաթողիկոսը։
8. Տեղի ունեցած Ակոռիի, Ներսեհապատի և Ճարմանայի ճակատամարտերում հայերը ևս մեկ անգամ
հաստատեցին, որ կտրականապես մերժում են հավատափոխության ուղղված ցանկացած քայլ։ 484 թ. կնքվում
է Նվարսակի հաշտության պայմանագիրը։

Գրիր պատմություն
Պատկերացրու հայկական զորքի գլխավոր հրամանատար Վարդան Մամիկոնյանն ես և պատրաստվում ես Ավարայրի վճռական ճակատամարտին։ Ի՞նչ կոչով կդիմես զորքիդ։

Հուստինիանոսի օրոք փոխվեց հայկական
տարածքների կառավարման ձևը։ Կատարեց նոր վարչական բաժանում ստեղծելով Առաջին Հայք, Երկրորդ
Հայք, Երրորդ Հայք, Չորրորդ Հայք վարչական միավորները: Հուստինիանոսն ընդունեց օրենք, որով հողը
ժառանգելու իրավունք ստացան նաև կանայք և աղջիկները: Մեկ այլ օրենքով կայսրը հարկադրեց, որպեսզի
աղջիկներին օժիտ հատկացվի հայրական կալվածքներից։ Չնայած այս դժվարություններին և վտանգներին՝
Արևմտյան Հայաստանում հայ ժողովուրդը պահպանեց
իր ինքնությունը, ինչպես նաև լեզուն ու մշակույթը, որոնք
ազգի ինքնությունը պայմանավորող էական հատկանիշներից են։
2. Բաբկեն Ա կաթողիկոսը 506 թ. Դվինում գումարեց եկեղեցական ժողով: Այս ժողովի ընթացքում, ի թիվս
քննարկվող մի շարք հարցերի, հերթական անգամ քննադատվեցին Քաղկեդոնի 451 թ. Եկեղեցական տիեզերաժողովի որոշումները։ Հայոց կաթողիկոս Ներսես Բ-ն 554 թ. գումարեց Դվինի երկրորդ եկեղեցական ժողովը:
Ժողովում, ի թիվս այլ հարցերի, հաստատվեց հայկական տոմարը։
3. Պարսից Խոսրով Ա Անուշիրվան արքայի (531-
578 թթ.) օրոք հայ ժողովրդի դրությունը Արևելյան
Հայաստանում ծանրացավ: Պարսկաստանում հաստատված հարկահանության նոր կարգը բացասաբար
անդրադարձավ հայ ժողովրդի բոլոր խավերի վրա։ Ըստ
հարկահանության նոր կարգի՝ հարկի մի մասը պետք է
վճարվեր դրամով, ինչը լրացուցիչ դժվարություններ
էր առաջացնում։ Հարկահանության նոր կարգի պատճառով ավելի ծանրացավ առավել ունեզուրկ խավերի
վիճակը։
4. Պարսիկները կրկին անցնում են կրոնափոխության քաղաքականությանը։ Սուրեն զորավարը այդ
քաղաքականությունը իրակակացնելու համար Դվինում ցանկանում էր մեհյան կառուցել։ 571 թ. հայկական բանակը՝ վրաց և աղվանից բանակների օժանդակությամբ, սկսում է ապստամբություն, որի ադյունքում
գրավվում է Դվին քաղաքը, իսկ մարզպան Սուրենը՝
սպանվում։
5. Հայ ժողովրդի հակապարսկական պատերազմը
ձեռնտու էր Բյուզանդական կայսրությանը։ Նրանք
զինական ուժով աջակցեցին հայ ապստամբներին։
Կարճ ժամանակ անց այս ապստամբությունը վերածվեց
պարսկա-բյուզանդական հակամարտության՝ Հայաստանի տարածքում։ Պատերազմը իսկական աղետ էր
հայ ժողովրդի համար, քանի որ երկիրը ավերվում,
հրդեհվում և թալանվում էր, տիրում էր սովը։ Ի վերջո,
պատերազմը ավարտվեց 591 թ.։ Բյուզանդիան ընդարձակեց իր սահմանները արևելքում։ Տուրուբերանը,
Տայքը և Այրարատի մեծ մասը անցան բյուզանդական
տիրապետությանը։
6. Արաբները 636 թ. պարտության մատնեցին բյուզանդացիներին, իսկ 637 թ. կործանեցին Սասանյան
Պարսկաստանը։ Հաջորդ արշավանքի թիրախը դարձավ Հայկական լեռնաշխարհը։ Արաբները 640-650 թթ.
ընթացքում 3 անգամ արշավել էին Հայաստան։ Ավերել ու թալանել էին Դվին քաղաքը, գերեվարել բնակչությանը։ Երրորդ արշավանքի ժամանակ Թեոդորոս
Ռշտունին կարողացավ կազմակերպել Արծափ բերդի
պաշտպանությունը, որից հետո 652 թ. կնքվեց հայարաբական պայմանագիրը։
7. 701 թ. արաբները գրավեցին Հայաստանը։
Ստեղծվեց նոր վարչական միավոր, որը կոչվեց Արմենիա՝ սկզբում Դվին, ապա՝ Պարտավ կենտրոնով։
Արմինիան ղեկավարում էր խալիֆի կողմից նշանակված ոստիկանը։ Այս ընթացքում հզորանում է Բագրատունիների իշխանական տոհմը, ովքեր ղեկավարում
են ազատագրական պայքարի նոր փուլը։ Տեսնելով հայերի անկախության ձգտումները՝ Հայաստան
ժամանած Հերթ ոստիկանը ծանրացնում է հարկերը։
774 թ. Արտավազդ Մամիկոնյանը ժամանում է Դվին
և ոստիկանից սպառազինություն խնդրում՝ արաբների
թշնամիների դեմ կռվելու պատրվակով։ Ոստիկանը
վստահում է նրան և զենք ու այլ սպառազինություն
տրամադրում նրա զորաջոկատին։ Դվինից Արտավազդն իր զորաջոկատով Կումայրի գյուղի մոտ հարձակվում է արաբների գլխավոր հարկահանի վրա։
Արաբները չեն կարողանում դիմադրություն ցույց տալ։
Արտավազդը նրանցից խլում է հավաքված հարկը։ Այս
գործողությունից հետո նա հեռանում է հյուսիս՝ Վիրքի սահմանները։ 775 թ.՝ Արձնի գյուղի մոտ, տեղի է
ունենում ճակատամարտ, որտեղ հայկական ուժերը
պարտություն են կրում։ Ապստամբական ալիքը որոշ
ժամանակով նահանջում է։
8. Հաշվի նստելով հայ իշխանական տների հզորացման հետ՝ խալիֆը 804 թ. հայոց իշխան է ճանաչում
Բագրատունյաց տոհմի ներկայացուցիչ Աշոտ իշխանին, որը նաև հայտնի է Աշոտ Մսակեր անունով։ Նա
իր եղբայր Շապուհին նշանակում է հայոց սպարապետ,
իսկ իր նստավայրը դարձնում Բագարան բերդաքաղաքը: Աշոտ Մսակերից հետո՝ 826 թ., Հայոց իշխան
դարձավ նրա ավագ որդին՝ Տարոնի տեր Բագարատը:
Հզորացած և ինքնուրույն դարձած հայ Բագրատունիները, իշխանական մյուս տների հետ միասնաբար,
850-855 թթ. ապստամբության նոր ալիք են բարձրացնում։ Մի շարք մարտերում հայերը կարևոր հաղթանակներ են տոնում։ Ձախողվում է ապստամբությունը
ճնշելու նպատակով Հայաստան ժամանած Բուղայի
զորաբանակը։ Այս ապստամբությունները պարարտ
հող են նախապատրաստում պետականության վերականգման համար։

Գրիր պատմություն
Պատկերացրու քեզ Բագատունյաց իշխանի դերում,
ով VIII դարում ստանձնել է ազատագրական պայքարի
առաջնորդությունը արաբների դեմ։ Ի՞նչ գաղափարների շուրջ կհամախմբեիր մյուս իշխաններին։ Ո՞ւմ հետ և ինչու՞ կդաշնակցեիր։

Leave a comment